2018 թ-ի գարնանը  Volkswagen ընկերության նոր Teramont քրոսովերը  կհասնի ռուսական շուկա, իսկ պատվերները կընդունվեն արդեն այս տարվա վերջից: Այդ մասին հայտարարել է ընկերության PR բաժնի ղեկավարը: Volkswagen-ի մոդելային շարքի ամենամեծ արտաճանապարհայինի շնորհանդեսը կայացել է մեկ տարի առաջ և արդեն վաճառվում է ամերիկյան շուկայում Atlas անունով: 7 տեղանոց քրոսովերը կառուցված է MQB մոդուլային հենահարթակի վրա, ինչպես նոր սերնդի Tiguan-ը: Նրա երկարությունը 5037 մմ է, լայնությունը՝ 1979, բարձրությունը՝ 1768 մմ: Ընտանեկան քրոսովերն իր չափսերով առաջ է անցել VW Touareg-ից, սակայն ավելի մատչելի է: Teramont-ն առաջարկվում բենզինային  4 գլանային 2,0 TSI (238- 241 ձիաուժ) և մթնոլորտային VR6 3,6 (286 ձիաուժ) շարժիչներով, որոնք աշխատում են 8 աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Արտաճանապարհայինը կարող է լինել ինչպես առաջնաքարշակ, այնպես էլ 4Motion համակարգով: Լուսածերպը 203 մմ է: 0-100 կմ/ժ թափավազքը կազմում է 8,4 վրկ, իսկ առավելագույն արագությունը 220կմ/ժ է:

 

Volkswagen Teramont-ի ինտերիերի դիզայնը հեղինակել է ընկերության հայազգի դիզայներ Վաղարշ Սահակյանը: Նա արդեն 8 տարի է աշխատում է Volkswagen-ում և բազմաթիվ սերիական և կոնցեպտ մեքենաների ինտերիեր է ստեղծել: Հենց նրա անմիջական նախագիծն ու ղեկավարած դիզայներական խմբի աշխատանքի արդյունքն է  նաև այս քրոսովերի սրահը: Տարածքը կառուցված է գրագետ ու բավականին ընդարձակ է ստացվել՝ նույնիսկ երրորդ շարքի մեծահասակ ուղևորների համար է  հարմարավետ:Երկրորդ շարքի նստելատեղերը բազմաթիվ մեխանիկական կարգավորումներ ունեն, իսկ երրորդ շարքում տեղավորվելը խնդիրներ չի առաջացնում՝ առջևի նստարանը հեշտությամբ մի կողմ է տեղաշարժվում: Երկրորդ և երրորդ շարքի նստելատեղերը կարող են ծալվել և մեքենան դարձնել իսկական ֆուրգոն՝ 2700 լիտր բեռնատարողությամբ: Նույնիսկ 7 ամբողջական նստելատեղերի դեպքում բեռնախցիկի ծավալը տպավորիչ է՝ 580 լիտր: Երկրորդ շարքում բազմոցի փոխարեն կարող է տեղադրվել արմնկակալներով երկու առանձին նստելատեղ:Այս դեպքում արդեն նրանց մեջտեղով կարելի է անցնել երրորդ շարք: Ճիշտ է սրահում ավելորդ շքեղություններ չկան և ամեն ինչ ուղղված է օրինակելի էրգոնոմիկա և ամենօրյա օգտագործման համար հարմարավետություն ապահովելուն, սակայն դա չի բացառել հարդարանքում բնական կաշվի, փայտի և ալյումինի կիրառումը, իսկ կենտրոնական հարթակում MIB II նոր սերնդի տեղեկատվական-ժամանցային  համակարգն է  8 դյույմանոց սենսորային էկրանով: Ռուսական շուկայում Volkswagen Teramont-ի արժեքը կսկսվի 2,7 մլն ռուբլուց:

 

Սկզբնաղբյուր՝ autofan.am