lalayan_top

Auto.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը ծագումով հայ ավտոմոբիլային դիզայներների հետ, որոնք աշխատում են հայտնի ընկերություններում:

Այս անգամ մեր զրուցակիցն է իտալական հանրահայտ Pininfarina բյուրոյի դիզայներ Տիգրան Լալայանը:

— Տիգրան, Դուք Երեւանից եք: Պատմեք Ձեր մասին: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը, որտե՞ղ եք սովորել:

— Ծնվել եմ Երեւանում, նախադպրոցական տարիներս անցկացրել եմ Ռուսաստանում: Վեց տարեկանում վերադարձել եմ Երեւան, հաճախել եմ Խաչիկ Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցը: Երկար տարիներ պատանի հանդիսատեսի թատրոնում (Պիոներ պալատ) զբաղվել եմ ավիոմոդելային սպորտով: 2006 թվականին ընդունվել եմ Երեւանի Ճարտարապետության եւ Շինարարության Պետական Համալսարան՝ «Ճարտարապետական միջավայրի դիզայն» ֆակուլտետ:

2011 թվականին ընդունվել եմ Միլանի SPD (Scuola Politecnica di Design) դպրոցը, որտեղ ստացել եմ մագիստրոսի կոչում՝ «Մեքենաների եւ տրանսպորտային միջոցների դիզայն» մասնագիտությամբ:

1

— Հաճա՞խ եք լինում Հայաստանում:

— Բոլոր քիչ թե շատ երկար արձակուրդներս անցկացնում եմ Հայաստանում:

— Ե՞րբ Ձեզ մոտ առաջացավ արվեստով, նկարչությամբ զբաղվելու ցանկությունը եւ ե՞րբ զգացիք, որ ուզում եք զբաղվել արդյունաբերական դիզայնով:

— Մանկությունից նկարում եմ, երեւի թե ինչպես բոլոր երեխաները: Հիմա նայելով ետ, կարող եմ ասել, որ նկարչության մեջ միշտ զգացել եմ ծավալի պակաս, մեկ հարթության երկչափությունը (2D) ինձ սահմանափակում էր: Սկզբում այդ պակասը լրացնում էի տարատեսակ կոնստրուկտորներով, օրինակ՝ LEGO-ով, հետո սկսեցի ստվարաթղթից եւ փայտից մոդելներ հավաքել, բնականաբար, կրկնօրինակելով գոյություն ունեցող առարկաներ: Այնուհետեւ ավիոմոդելային խմբակ, ճարտարապետական համալսարան…

Արդյունաբերական դիզայնով զբաղվելը ավելի շուտ հավասարակշռված որոշում էր, քան էմոցիա: Ես այն կայացրեցի, երբ զգացի, որ կան ռեալ շանսեր ու քիչ թե շատ պատկերացրեցի, թե ինչպես կարող եմ հասնել այդ նպատակին:

080246150463

— Մինչեւ Իտալիա մեկնելը ինչո՞վ էիք զբաղվում Հայաստանում, ի՞նչ դիզայներական նախագծեր եք իրականացրել:

— Համալսարանն ավարտելուց հետո համակուրսեցի երկու ընկերներիս հետ զբաղվում էինք ճարտարապետական պրակտիկայով: Այն ժամանակ հիմնականում մասնակցում էինք տարատեսակ ճարտարապետական մրցույթների, ինչպես նաեւ զբաղվում էինք փոքրածավալ նախագծմամբ՝ անհատ պատվիրատուների համար: Միաժամանակ, ես արդեն պատրաստում էի ավտոդիզայնի իմ աոաջին պորտֆոլիոն, որով եւ ընդունվեցի Միլանի դպրոցը:

— Ինչպե՞ս ստացվեց , որ հայտնվեցիք Իտալիայում, այն  էլ ամենահայտնի դիզայներական բյուրոյում՝ Pininfarina-ում։

— Մագիստրատուրան ավարտելուց հետո, ես փնտրում էի աշխատանքային պրակտիկա: 2010-ականների սկիզբը լավ շրջան չէր ամբողջ արդյունաբերության համար (հետճգնաժամային վիճակ, կրճատումներ եւ այլն): Երբ ավարտվեց ուսանողական կացության իրավունքը, ես վերադարձա Երեւան, որտեղ շարունակում էի աշխատել պորտֆոլիոյիս վրա: 2014 թվականին արդեն կային մի քանի տարբերակներ, որոնցից ընտրեցի Pininfarina-ն: Երեք ամիս պրակտիկայից հետո ստացա աշխատանքի հրավեր:

— Ինչո՞վ եք  զբաղվում Pininfarina-ում։

— Pininfarina-ում զբաղվում եմ ավտոմեքենաների էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով:

— Գիտենք, որ չեք կարող պատմել ընթացիկ նախագծերի մասին: Իսկ կարո՞ղ եք նշել որեւէ նախագիծ, որն արդեն իրագործված է, միգուցե ավտոմեքենա, որն արդեն արտադրության մեջ է։

— Կան ընթացիկ նախագծեր, բայց բնականաբար բարձրաձայնել չեմ կարող:

— Շատ ավտոարտադրողներ, եւ ոչ միայն, դիմում են հենց Pininfarina-ին իրենց նոր ավտոմեքենանարի դիզայնը մշակելու, յուրահատուկ կոնցեպտներ եւ նախագծեր ստեղծելու համար։ Ինչո՞վ է յուրահատուկ Pininfarina –ն, ինչո՞վ է այն տարբերվում, օրինակ, Bertone-ից կամ Italdesign-ից։ Ինչու՞ են ձեր կարծիքով դիմում հենց Pininfarina-ին։

— Ցավոք, Bertone-ն 2014 թվականին պաշտոնապես հայտարարվեց սնանկ եւ փակվեց, իսկ Italdesign-ը 2010-ից գտնվում է VW Group-ի կազմում, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են միայն ներքին նախագծերի վրա: Ամեն դեպքում, եթե փոքր պատմական ակնարկ կատարեմ, Bertone-ն մասնագիտանում էր սպորտային եւ թանկարժեք մեքենաների ձեւավորման ուղղությամբ, իսկ Italdesign-ը, հակառակը, կենտրոնանում էր մատչելի ավտոմեքենաների նախագծերի զարգացման վրա: Pininfarina-ն նույնպես աշխատում էր թանկարժեք մեքենաների արտադրողների հետ, սակայն 1960-ականներին ղեկավարությունը, ընդգծելով մրցակիցներից տարբերվելու անհրաժեշտությունը, որոշեց բացել գիտահետազոտական կենտրոն եւ հատուկ ուշադրություն դարձնել հենց նորարարություններին եւ նրանց կիրառմանը: Այսպիսով, Pininfarina-ն պարբերաբար ներկայացնում էր կոնցեպտներ, որտեղ շեշտը դրվում էր ոչ միայն ձեւավորման (styling), այլ նաեւ տարբեր բնագավառներում նորարարությունների վրա: Մի քանի օրինակ. 1969-ի Sigma Grand Prix-ը (անվտանգությունը F1-ում՝ առաջարկելով աէրոդինամիկ տարրերը օգտագործել նաեւ որպես պասիվ անվտանգության կառուցվածք), 1978-ի Pininfarina CNR-ը, որը ֆանտաստիկ աէրոդինամիկ ցուցանիշներ ուներ, 2004-ին՝ Pininfarina Nido-ն (նորարարական մոտեցում անվտանգության հարցում), 2008-ի Sintesi-ն եւ այլն: Բացի այդ, ի տարբերություն նշված մրցակիցների, Pininfarina-ն միակն էր, որը նաեւ զբաղվում էր մեծածավալ արտադրությամբ (Peugeot 406 Coupe, Mitsubishi Pajero Pinin, Ford Focus II Cabrio, Mitsubishi Colt CZC, Alfa Romeo GTV):

080248134388

 

— Pininfarina-ն Ferrari-ի համար ստեղծել է Testarossa, Ferrari F40,  լեգենդար Enzo-ն,  Alfa-Romeo-ի հանրահայտ 164 մոդելը, Bentley-ի Azure կոնցեպտը: Որոշ ավտոմեքենաներից նույնիսկ կարելի է տեսնել Երեւանում օրինակ՝ Peugeot-ի 406 coupe մոդելը։ Կարող եք նշել Pininfarina-ի ո՞ր ավտոմեքենան է ձեր համար ամենագեղեցիկը։

— Երեւանում ամենից հաճախ երեւի թե տեսնում ենք Pajero Pinin կամ io մոդելը: Դժվար հարց է, իհարկե: Հենց գեղեցկության տեսանկյունից կնշեմ 5-րդ սերնդի Maserati Quattroporte-ն, Maserati Grantursimo-ն, Ferrari P4/5-ը, Maserati Birdcage-ը: Կան նայեւ մեքենաներ, որոնք հատուկ ուշադրություն են գրավում. Alfa Romeo Duettottanta, 406 Coupe, BMW Gran Lusso Coupe, եւ ոչ միայն գեղեցկության համար, այլ նաեւ այն պատճառով, թե ինչպես կարելի է կայացած եւ ուժեղ բրենդ այդենթիթի ունեցող արտադրողին առաջարկել մի բան, որը լինի այդքան տարբեր, բայց միեւնույն ժամանակ այդքան ճանաչելի: